BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Պատշգամբից վար` երկիրս է «վարի գնում»

Պատշգամբից վար` երկիրս է «վարի գնում»
25.06.2013 | 16:46

Վերգետնյա անցումը, ըստ էության, կամուրջ է, կապում է Շիրազի անունը կրող փողոցը մայրուղուն, ապահովում է 15-րդ թաղամասի բնակչության խաղաղ անցումը դեպի կանգառ։ Կամուրջը լռել գիտի, այսինքն, ըմբռնումով է մոտենում շինիչ ծրագրերին։ Կամուրջը կամարվեց 2011-ի աշնանը։ Գողտրիկ աստիճանները բազալտե` աջից և ձախից ուղեկցում էին անցուղի։ Աշո՜ւն էր խնկաբույր, թթենին յուր խենթուկ տերևներն էր շաղ տալիս և կանաչ հով անում անցորդին։ Կամրջի անցուղին սալապատվեց դեղնագույն սալիկներով, չքնաղ ներդաշնակություն կազմելով թթենու կանաչագեղ փարթամության հետ։

Աշնան վերջերին թթենու դեղնակարմիր տերևներն էին բարի ճանապարհ մաղթում մեզ։ Առաջին անձրևների հետ «բարի ճանապարհը» մի քիչ չարացավ։ Զի սալերը, պարզվեց, քիչ ու միչ սայթաքուն էին, այսինքն, պլստում էինք մեծից փոքր, երբ անձրևը ջրում էր անցուղին։ Եկավ առաջին ձյունը։ Մորեմերկ թթենին պատսպարվեց ձյան ապահով ճերմակի տակ և խռովկան նորահարսի պես կտրվեց աշխարհից։ Մնացինք մենք և կամուրջը։ Կամուրջը վրիժառու գտնվեց (հավանաբար, թթենու հանդեպ մեր սերն էր պատճառը) և վիժեցրեց մեր խաղաղ երթը, սալահատակը սայթաքուն էր, ինչպես գեղասահքի սառցադաշտը։ Բնականաբար, մենք սահում էինք, սայթաքում, գլուխ ու կող կոտրում, ուղևորվում բուժկայան, հասկանալի է` վիրակապվելու։ Հաջորդ ամռանը կամրջաշինարարները սալահատակը փոխարինեցին ասֆալտով։ Անվտանգությունն ապահովվեց, բայց մի տեսակ կորավ հետաքրքրությունը։ Եվ, խնդրեմ, կամուրջը լռեց-լռեց և բացեց յուր վրիժառու դեմքը։ Արդեն երկու տարի է` կամուրջը չի մաքրվում, աղբոտվել է, ժանգապատվել, լամպերն էլ վաղուց շարքից դուրս են եկել։ Անշուշտ, որոշակի գումարներ են հատկացվում կամրջի պահպանման համար և կորչում «անհայտ» ուղղությամբ։ Իսկ կամրջին անմիջապես կից կանգառում անհետացել է աղբամանը։ Այսպիսով, կանգառն ու կամուրջը հակասանիտարական մրցույթի մեջ են։ Այս ամենին քաջատեղյակ են պատկան մարմինները։ Քաջատեղյակ են և քաջասրտորեն լռում են։ Իսկ որոշ գումարներ, հասկանալի է, անհետանում են ոմանց գրպաններում։
Մի խոսքով, երկու տարի առաջ շահագործված կամուրջը Շիրազի փողոցում 102-ամյա զառամյալի տեսք ունի։ Բայց ամենաուշագրավը գիտե՞ք որն է. այս համատարած աղբի մեջ ծաղիկներ են ցանել և զարմանալի հոգատարությամբ խնամում են։ Ի՞նչ կարող ես անել, սա հերթական մայրագյուղային ցնցակաթվածն է։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1646

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ